Դատ #1. Գնդեվազցիներն ընդդեմ նախարարությունների
2015թ. 11 գնդեվազցիներ որոշեցին բողոքարկել ՇՄ(Բնապահպանության) և Տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների (Էներգետիկայի) նախարարությունների թույլտվությունները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ: Պատասխանող երրորդ կողմ ճանաչվեց Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն:
Գնդեվազն Ամուլսարի ծրագրով համարվում է ազդակիր համայնք, որտեղ բազմաթիվ խախտումներով հանրային լսումներ են անցկացվել և այդ փաստաթղթերը դրվել են ծրագրի հիմքում: Մինչդեռ Ջերմուկը, որն ամենամեծ համայնքն է, չմասնակցեց օրենքով սահմանված կարգով որոշումների կայացման գործընթացին, քանի որ պետությունը չճանաչեց ամենախոշոր համայնքը որպես ազդակիր համայնք, հետևաբար նաև Ջերմուկից օրենքով սահմանված կարգով որևէ մեկը չէր կարող վիճարկել տրված թույլտվությունները:
2015 թվականին ՀՀ Վարչական դատարանում գնդեվազցիներին միացան Էկոդար և Էկոիրավունք ՀԿ-ները՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի համար տրված թույլտվությունները:
Հայցի բովանդակությանը կարող եք ծանոթանալ փաստաբան Հայկ Ալումյանի բացման խոսքում:
Նախկինում ՀԿ-ները բնապահպանական հարցերով Թեղուտի հանքավայրի թույլտվությունները բողոքարկելիս չճանաչվեցին դատարանի կողմից որպես պատշաճ հայցվորներ: Հետագայում փոփոխվեց ՀԿ-ների մասին օրենքը, որից հետո Ամուլսարի գործով ՀԿ-ները կրկին փորձեցին հիմնավորել վարչական թույլտվությունները բողոքարկելու իրենց իրավունքը:
2016 թվականին Ամուլսարի գործով ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը ՀԿ-ներին դուրս թողեց դատավարությունից, որից հետո ՀԿ-ները բողոքարկեցին ՀՀ Վերաքննիչ դատարան: Միայն 4 տարի անց Վերաքննիչ վարչական դատարանը վերականգնեց բնապահպանական հարցերով ՀԿ-ների բողոքարկելու իրավունքը եվ վերադարձրեց Վարչական դատարան:
Այս ընթացքում Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն շարունակում էր շինարարական աշխատանքները մինչև 2018 թվականի հունիս ամիսը, երբ տեղացիները որոշեցին արգելափակել Ամուլսար տանող բոլոր ճանապարհները։
Փաստորեն, դատական ակտերի բողոքարկումը դատարաններում պատշաճ ժամկետներում գործը քննելու կամ գործունեության վրա արգելանք դնելու տեսակետից արդյունավետ միջոց չէ:
Հայաստանի իրավական դաշտը բնապահպանական հարցերում ունի բազմաթիվ խութեր, որոնցից մեկն էլ այն է, որ պետությունը կարող է չիրականացնել պատշաճ գնահատում և փորձաքննություն ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական) դրական եզրակացությունները տրամադրելիս, սակայն, ծրագրերի վնասակար ազդեցության մասին ապացույցներ հավաքելը, հակառակը պնդելը թողնված է ՀՀ քաղաքացիների ուսերին:
ՀՀ Վարչական դատարանը համարեց, որ Ամուլսարի ՇՄԱԳ դրական եզրակացությունը վարչական ակտ չէ և ենթակա չէ բողոքարկման: Հայցվորների փաստաբան Հայկ Ալումյանը այս խոչընդոտը հաղթահարելու հերթական մեթոդը գտավ՝ առաջարկելով դատարանին դիտարկել այդ փաստաթուղթը որպես ապացույց: Նշենք, որ վարչական ակտն ունի առավել բարձր իրավական փաստաթղթի կարգավիճակ, քան շարքային ապացույցը:
Այնուամենայնիվ, մեզ՝ հայցվորներիս, հաջողվեց դատարանին ստիպել, որ այդ ապացույցի կողքին նաև հավասարազոր փաստաթղթերի շրջանակներում դիտարկի հայցվոր կողմի ներկայացրած փորձագետների կարծիքները ևս: Դատարանին այլ բան չէր մնում, քան համաձայնվել փաստաբանի միջնորդությանը:
Պետական մարմինն՝ ի դեմս նախարությունների, դատական նիստերին՝ սկզբի տարիներին գրեթե չէր մասնակցում, բոլոր հարցերին պատասխանում էր ընկերության՝ փաստաբան Սայադ Բադալյանը: Քանի որ Հայաստանի դատա-իրավական պատմության մեջ նման նախադեպ չէր եղել, պետք է մանրամասնել դատարանում փորձագետ ներգրավելու գործընթացի մասին:
Յուրաքանչյուր կողմ դատարանին է ներկայացնում փորձագետի տվյալներ, որոնք ունեն հետազոտություններ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Եթե հետազոտությունները հայերեն չեն, ապա պարտադիր թարգմանվում են հայերեն: Քննարկելուց հետո, դատարանը որոշում է ներգրավել տվյալ փորձագետին դատական գործընթացի մեջ, թե ոչ: Փորձագետին կանչում են դատարան, երկու կողմն էլ հարցեր են տալիս, որից հետո որոշվում է նրանց ներգրավման հարցը: Այս ընթացքում ամերիկահայ Հարութ Բրոնոզյանի աջակցությամբ ներգրավվեցին և ուսումնասիրություն իրականացրեցին նոր փորձագետներ ևս, ի թիվս Էնն Մայեստի: Հայցվոր կողմին հաջողվեց նրա գիտական աշխատությունները ներգրավել դատական գործի մեջ:
Հայցվոր կողմի մյուս փորձագետներն են՝ Կարեն Մանվելյանը՝ (WWF) Բնության համաշխարհային հիմնադրամից, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը (1953-2019)՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը՝ ներկայիս՝ ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն:
Խնդիրն այն է, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ի դրական փորձաքննական եզրակացությունը Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ում գնահատել էր ընդամենը մեկ փորձագետ, ով հանձն էր առել ստուգել Լիդիան Արմենիա ՓԲԸ –ի մի քանի հարյուր էջից բաղկացած փաստաթղթերը: Ներկայացված փաստաթղթերը վերաբերվում էին հողին, ջրին, ընդերքին, կենսաբազմազանության և այլն:
Այս ընթացքում Ամուլսար տանող ճանապարհները դեռ շարունակում էին փակ մնալ:
2018թ.-ի հեղափոխությունից հետո առաջացած կոնֆլիկտը լուծելու համար որոշում կայացվեց հարուցել քրեական գործ և դրա շրջանակներում ներգրավել միջազգային փորձագետներ՝ ՀՀ պետական բյուջեից նրանց վճարելով 450 000 ԱՄՆ դոլար:
Այդ միջազգային փորձագիտական խումբն էր Էլ Արդը և ԹԻ-ԱՐ-ՍԻն, որոնք Լիդիան Արմենիա ընկության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում գրեցին կարծիքներ` վեր հանելով ընկերության կողմից ներկայացված թերի, կասկածելի, ոչ հավաստի տվյալները, ի հայտ բերելով բոլոր ռիսկերը Ամուլսարի շահագործման պարագայում: Բոլոր այս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Վարչական դատարան (հայերեն, անգլերեն):
Շուրջ 7 տարի տևած Ամուլսարի վարչական գործը միայն 2022 թվականի օգոստոսին մտավ դատաքննության փուլ: Այս ընթացքում ՇՄ և ՏԿԵ նախարարությունները կամ կրկնեցին Լիդիան Արմենիա ընկերության տեսակետը, կամ հերքեցին նախկինում հրապարակած փաստաթղթերը: Օրինակ, հայցվոր կողմը դատարան էր ներկայացրել 2019 թ․ ՇՄ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից 13 կետերից բաղկացած փաստաթուղթը, որն ապացուցում էր էկոլոգիական նոր գործոնների առկայությունը և Ընկերության կողմից թույլ տված բացթողումները:
ՇՄԱԳ և փորձաքննության մասին օրենքն սահմանում է բոլոր այն դեպքերը, երբ ՇՄԱԳ դրական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել: Ըստ այս հանգամանքների՝ նախկին նախարարի 2019 թվականին ներկայացրած փաստաթուղթը նոր էկոլոգիական գործոնների մասին էր, որով պայմանավորված ՇՄԱԳ-ը կարող էր ուժը կորցրած ճանաչվել:
Սակայն, 2022 թվականի նոյեմբերի 7-ի նիստի ժամանակ ՇՄ նախարարության ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց պնդումներ, որոնք հակասում են նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից հրապարակված փաստաթղթին և հերքում են այն: Դատարն ներկայացված փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. « Հաշվի առնելով վերը նշված հաշվարկների արդյունքները և հիմնավորումները և դրանք համեմատելով Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի կողմից ներկայացված պարզաբանումների հետ պետք է փաստել, որ գոլորշիացման հաշվարկների ցուցանիշների տարբերությունը էական չէ և չեն առաջացնում նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն, նոր էկոլոգիական գործոն համարվել չի կարող, հետևաբար նոր ՇՄԱԳ-ի լրացուցիչ քննարկման կարիք չկա» ,- ՇՄՆ գլխավոր մասնագետ Օ. Գրիգորյան
Այս հակասությանը զուգահեռ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի նիստին Լիդիան Արմենիա ընկերության փաստաբան Սայադ Բադալյանն իր բացման խոսքում թիրախավորեց հայցվոր կողմի փորձագետներին՝ կասկածի տակ դնելով նրանց մասնագիտական որակները և արված ուսումնասիրությունները: Փաստաբանը, մասնավորապես, նշեց. «Տիկին Մայեստի վերջին շրջանում մեկնաբանությունները դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նրա սեփական, ինչպես նաև վերջինիս կողմից վկայակոչվող այլ հեղինակների մասնագիտական փորձը։ Այս առումով կարևորվում է այն փաստը, որ Մայեստը նախ և առաջ հանդիսանում է բնապահպան ակտիվիստ, ով չունի հանքարդյունաբերական ոլորտում համապատասխան փորձ հանքերի դեմ բողոքելուց բացի, ինչպես նաև անհրաժեշտ է հաշվի առնել նրա հետ կապված կոռուպցիոն դեպքերը, որոնք տեղի են ունեցել նրա հետ նախկինում: Կարևոր գործոններից է նաև գիտնականի կողմից անաչառ դիտարկումը, որ պետք է կատարվի ելնելով և հիմնվելով ներկայացված տվյալների վրա։ Մայեստի ողջ մասնագիտական կարիերան հիմնված է ծրագրերի դեմ պայքարին։ Նա մշտապես համագործակցում է տեղական խմբերի, հասարակական կազմակերպությունների կարգավորիչ մարմինների և ակտիվիստ խմբերի հետ՝ բողոքելով և ընդդիմանալով տարբեր ռեսուրսային և հանքարդյունաբերական ծրագրերի դեմ։ Հետևաբար նա չի կարող համարվել հանքարդյունաբերական ծրագրերի օբյեկտիվ և անաչառ գնահատող։
Մայեստը հանդիսանում է հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտացված ընդդիմախոս, ուստի ժամանակակից հանքարդյունաբերական ոլորտի մասով նրա գիտելինքներն ու իրազեկվածությունը սահմանափակվում է զուտ տեսական փնտրտուքներով։ Նա ունի բազմաթիվ հրապարակումներ, երբևէ չի աշխատել որևէ հանքարդյունաբերական ընկերությունում կամ հանքարդյունաբերության խնդիրների լուծման խորհրդատվական ընկերությունում։ Տիկին Մայեստը հայտնի է նաև կոռուպցիոն դեպքերով։ Մասնավորապես, շատ է խոսվել էկվադորում հանքավայրի շահագործման դեմ պայքարող հասարակական կազմակերպությունում նրա ակտիվ ներգրավածության մասին։ Նա կեղծել է տվյալներ, դիտավորյալ ներկայացնելով ապատեղեկատվություն և անգամ հորինել է անկախ զեկույց՝ գրելով ինչ-որ անկախ մասնագետի անունից զեկույց և ներկայացնելով այն որպես անկախ մասնագետի օբյեկտիվ կարծիք։ Ընդ որում, նաև այդ դեպքի վերաբերյալ այս փաստաթղթում բացի մասնագիտական դիրքորոշումից հավելված ունենք, որտեղ ներկայացրել եմ այդ դեպքի մանրամասները։ Էկվադորում քննված գործը, կրկին հանքարդյունաբերական ծրագրի դեմ, գրավոր ներկայացված էությունն այն է՝ ինչպես սույն գործով այնպես էլ այլ գործով կրկին մասնագիտական եզրակացություն տալու կարիք է եղել, տիկին Մայեստը տվել է իր գործընկերների հետ, հետո պարզվել է, որ իրականում կեղծ է, այլ նպատակներով է արվել։ Այդ գործի շրջանակներում քրեական գործ է հարուցվել. ի վերջո տիկին Մայեստը իր բոլոր տված զեկույցներից հրաժարվել է։ Մայեստը եզրափակում է իր կողմից տրված վկայի ցուցմունքը հետևյալ հայտարարությամբ․ «Ես հրաժարվում եմ էկվադորի ծրագրի վերաբերյալ իմ բոլոր զեկույցներից վկայության և բոլոր և յուրաքանչյուր եզրակացությունից և արդյունքներից»։
Սրա վերաբերյալ նշեմ, որ մի տեսանյութ կա , որ էլ. կրիչով դատարանին ներկայացրել եմ, ապացույցների հետազոտման փուլում այդ տեսանյութը նույնպես հետազոտել, նախապես ներկայացնեմ՝ տիկին Մայեստի մասնակցությամբ այդ գործի շրջանակներում, թե ինչպես պետք է դատարանին կեղծ տվյալներ ներկայացնել և ստանալ իրենց ցանկալի դատական արդյունքը»։
Սակայն, հարց ու պատասխանի փուլում, պատասխանելով հայցվոր կողմի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Նազելի Վարդանյանի հարցերին, Սայադ Բադալյանն ասաց, որ ապացույցներ չունի այն մասին, որ Էնն Մայեստը դատարանով ապացուցված կոռուպցիոն գործարքի մեջ է ներգրավված եղել։
Հայցվոր կողմը հարց ու պատասխանի փուլում նաև պարզբանումներ էր պահանջել պատասխանող կողմերից, թե արդյոք ուսումնասիրվել են Ամուլսարի ստորգետնյա ջրերը և առկա է արդյոք ստորգետնյա ջրերի քարտեզ: Ընկերության փաստաբանը ստորերկրյա ջրերի քարտեզների վերաբերյալ հստակ հղումներ չարեց, թե որտեղ կարելի է տեսնել այդ քարտեզները, միայն պնդեց, որ ստորերկրա ջրերի վերաբերյալ կան ուսումնասիրություններ, որոնք ներառված են ՇՄԱԳ-ում։
Հանրային լսումներում Ջերմուկ քաղաքը չներգրավելը ընկերության ներկայացուցիչը պայմանավորեց, որ Ջերմուկն ազդակիր համայնք չի եղել, ուստի չեն ներգրավվել, որ ընկերությունը պարտավոր չէ բոլոր համայնքներում լսումներ կազմակերպել։ Մինչդեռ Ջերմուկում հանրային լսումներ չանցկացնելն օրենքի խախտում է:
2022 թվականի դեկտեմբերի 7-ի դատական նիստի ժամանակ Ընկերությունը ներգրավվեց ևս մեկ փորձագետի, ով փորձեց պատասխանել հայցվոր կողմի փաստաբան Հայկ Ալումյանի այն հարցին, թե արդյոք Ամուլսարում կա ստորգետնյա ջրային քարտեզ։ Պատասխանող կողմը ցույց տվեց ՇՄԱԳ եզրակացության մեջ առկա մեկ լուսանկար, որը պարզվեց, ստորգետնյա ջրերի քարտեզը չէ։ Դատավարության մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։
Դատաքննությունը շարունակվում է, հաջորդիվ դատարանը կշարունակի ապացույցների ուսումնասիրության փուլը (այս փուլից դատ No. 1)։
Թեհմինե Ենոքյան՝ հայցվոր
Կանաչ Հայաստան բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ
Հոդվածը պատրաստվել է Զարգացման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի «Համայնքային ռեսուրսների փոխանակում» ծրագրի շրջանակներում