Դատ #2. Ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարության
2018 թվականին Ջերմուկի 19 բնակիչներ հայց են ներկայացրել ընդդեմ ՇՄ նախարարության՝ նոր էկոլոգիական գործոնների ի հայտ գալու արդյունքում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելուն՝ ՇՄ նախարարին պարտավորեցնելու պահանջով։ Դատական նիստի ձայնագրություններն՝ ըստ մասերի․(Մաս 1, Մաս 2, Մաս 3, Մաս 4 )
ՀՀ Վարչական դատարանը մերժեց հայցը։
Հայցվորների փաստաբան՝ Նազելի Վարդանյանը նշված վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, որտեղ 3 տարի անց միայն դատական ակտ է հրապարակվել, որով բավարարել է հայցվորների վերաքննիչ բողոքը և գործը ուղարկել է ՀՀ վարչական դատարան նոր քննության։ ՀՀ վարչական դատարանը, ղեկավարվելով Վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ առաջարկել է փոխել հայցապահանջը՝ ներկայացնել ոչ թե պարտավորեցման հայց, քանի որ ՇՄ նախարարությունը չի պատասխանել հայցվորներին /չնայած նրանք պնդում էին, որ պատասխանել են/, այլ ներկայացնել գործողությունների կատարման հայց։
Գործի քննության ողջ ընթացքում ՇՄ նախարարությունն իր բոլոր փաստարկները հիմնավորել է հիմնվելով Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի դիրքորոշման վրա։
Պատասխանող կողմը՝ ՇՄ նախարարությունը պատասխանատվությունը գցում էր ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ի վրա՝ ասելով, որ գործողություն իրականացնող մարմինը ՊՈԱԿ-ն է։ Մինչ դեռ ՊՈԱԿ-ը վարչական մարմին չէ և պատասխանողը պետք է լինի նախարարությունը։
2022 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Վարչական դատարանը՝ դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ բավարարել է Ջերմուկ համայնքի 19 բնակիչների հայցը, որով պարտավորեցվել է ՇՄ նախարարին կատարել որոշակի գործողություններ, այն է՝ 04․07․2018թ հայցվորների ներկայացրած դիմումի հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում իրականացնել վարչարարություն օրենքով սահմանված առավելագույն ժամկետում ըստ էության պատասխանել (որոշում կայացնել) հայցվորների դիմումին։
Թեհմինե Ենոքյան՝ հայցվոր
Կանաչ Հայաստան բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ
Հոդվածը պատրաստվել է Զարգացման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի «Համայնքային ռեսուրսների փոխանակում» ծրագրի շրջանակներում