Երևանի օդի մասին

Երևանի օդի մասին

2022թ.-ի նոյեմբերի 29ին «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ՝ հարցնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում օդի աղտոտվածությունը նվազեցնելու և մարդկանց առողջությունը պահպանելու ուղղությամբ: 

Քաղաքապետարանը խնդրի լուծմանը մոտենում է կանաչապատման տեսանկյունից: Նամակին պատասխանել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը՝ նշելով, որ «…օդի աղտոտումը մեղմացնելու համար մշակել է ռազմավարություն` իրականացնել տունկ, ոչ թե անջրդի տարածքներում, այլ տունկը կազմակերպել այն հատվածներում, որտեղ առկա է ոռոգման համակարգ, իսկ որտեղ, որ բացակայում է կամ գտնվում է անմխիթար վիճակում, հիմնել նորը կամ վերականգնել: 
Կազմակերպության 2022-2023թթ. զարգացման ծրագրերի մեջ ներառված են ուղղաձիգ և ֆունկցիոնալ կանաչապատման, ոռոգման համակարգի արդիականացման, ուրբան անտառների և պաշտպանիչ կանաչ գոտիների հիմնման, ինչպես նաև քաղաքային տնկարանի ընդլայնման և աղբի տեսակավորման աշխատանքները, որի սկզբնակետ համարվում է սույն թվականի աշնան տունկին շուրջ 70գծմ երկարությամբ Մյասնիկյան պողոտայում իրականացված աշխատանքը: 

Ֆունկցիոնալ կանաչապատման շնորհիվ, որն իրենից ներկայացնում է մշտադալար, արժեքավոր ծառատեսակներով տունկ (գիհի, սոճի, եղևնի, կենսածառ և այլն), հնարավոր կլինի էլ ավելի մեղմել օդում կախված մանրէների, փոշու և աղմուկի չափաբաժինները: 

Կազմակերպության ենթակայութան տակ գտնվող քաղաքային տնկարանի ընդլանում, որը հիմնադրվել է 2020թ-ին և արդեն իսկ տարեկան աճեցնում և մատակարարում է քաղաքին շուրջ 250.000 բուսատեսակ: 

Ուրբան անտառների և պաշտպանիչ գոտիների հիմնումը: Վերջինիս մասով պետք է նշել, որ Կազմակերպությունը սույն թվականի աշնանը հիմնել է շուրջ 10հա-ի վրա անտառտնկարկ, որից 6 հա Ծիծեռնակաբերդի բարձունքում, իսկ 4հա Սարալանջում: Հարկ եմ համարում նշել, որ ծառաթփատեսակների գրեթե ամբողջ մասը տրամադրել է Կազմակերպության տնկարանը իր արտադրանքից: Ծիծեռնակաբերդի բարձունքում անցկացվել է նաև ոռոգման ջրագիծ շուրջ 4.5կմ երկարությամբ, իր անմիջական համակարգով:

Կազմակերպությունը զբաղվում է նաև աղբի տեսակավորմամբ, ինչը ևս հանդիսանում է բնապահպանության գործառույթ, որի շնորհիվ հնարավոր է դառնում կանխել տարաբնույթ թունավոր գազերի արտանետումները մթնոլորտ: Աղբի տեսակավորման մասով Կազմակերպությունը իր առջև դրել է Երևան քաղաքի ամբողջական ընդգրկումը, ինչպես նաև հանրության իրազեկումը, աշխատանքներ են իրականացվում դպրոցների հետ, համագործակցում ենք ՀԿ-ների և ԲՈՒՀ-երի հետ»:

Օդի աղտոտման հետ կապված մեր նամակին Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է օրենսդրական տեսանկյունից: Մասնավորապես նշել է, որ «... «Մթնոլորտային օդի պահպանության օրենքում» կատարվել է փոփոխություն, համաձայն ինչի Օրենքի առարկան մթնոլորտային օդի մաքրության ապահովումն է, մթնոլորտ աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների կանխումը կամ նվազեցումը, ինչպես նաև միջազգային համագործակցության իրականացումը մթնոլորտային օդի պահպանության բնագավառում: 

Օրենքում փոփոխություն կատարելու նպատակն էր ամրագրել մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝ աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշների ներդաշնակեցումը, արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը, աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կատարելագործումը: 

Այս բարեփոխումները ոչ միայն ավելի արդյունավետ կդարձնեն մթնոլորտային օդի պահպանությունը, այլ նաև կնպաստեն միջազգային պայմանագրերով մեր երկրի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը:

Փոփոխություն է կատարվել նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում՝ նախատեսելով ավելի խիստ պատժամիջոցներ առանց արտանետման թույլտվության և արտանետման թույլտվությամբ սահմանված նորմատիվների գերազանցման դեպքերում, թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում թափոնների այրման համար:

Ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումները զգալի դեր են խաղում օդի աղտոտվածության մեջ և դրանց նվազեցման նպաստելը Շրջակա միջավայրի նախարարության կարևորագույն գործառույթներից է: Այդ տեսակետից ավտոտրանսպորտի, երթևեկության, բեռնափոխադրումների և այլ կենսականորեն կարևոր հարցերը մշտականորեն գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: 

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021թ-ից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը, ինչի շրջանակներում նախատեսվում է ցածր ածխածնային տրանսպորտային միջոցների/շարժունակության ռազմավարական պլանավորում և ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև մշակել էլեկտրական շարժունակության ռազմավարություն:

Նախարարության կողմից մշակվել և 2019թ.-ի հունիսի 7-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն ինչի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ) ներմուծումը և (կամ) օտարումն ազատվել են ավելացված արժեքի հարկից՝ 2022 թ.-ի հունվարի 1-ը, իսկ 2021թ-ի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն ինչի՝ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ-ի հունվարի 1-ը: