2022թ-ի հունվար ամսին դիմեցինք քաղաքապետարան և Շրջակա միջավայրի նախարարություն (ՇՄՆ)՝ հասկանալու, թե ի՞նչ փուլում է աղբի և թափոնների խնդիրը Հայաստանում: ՇՄ նախարարությունը վերահասցեագրել էր մեր նամակը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Վերջինս նույնպես դիմել էր քաղաքապետարան, այնուհետև պատասխանն ուղարկել մեզ:
Մասնավորապես հարցրել էինք, թե ի՞նչ փուլում է գտնվում Նուբարաշենի գործող աղբավայրի մեկուսացման, նոր աղբավայրի կառուցման և շահագործման մրցութային գործընթացը, արդյոք այս ընթացքում նոր աղբավայր կառուցելու ծրագիրը ենթարկվե՞լ է որևէ փոփոխության, նոր ծրագրով նախատեսվու՞մ է աղբի տեսակավորման ու վերամշակման, գազի հավաքման ու էներգիայի արտադրման բաղադրիչներ, վերանայվե՞լ է շահառուների ներգրավման ծրագիրը, և նախատեսվու՞մ են նոր հանրային քննարկումներ ազդակիր շահառուների և քաղաքացիական հասարակության հետ:
Քաղաքապետարանից պատասխանել են, որ «ներկայումս ընթանում է Նուբարաշենի նոր աղբավայրի նախագծման, կառուցման, Նուբարաշենի և Աջափնյակի առկա աղբավայրերի փակման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գործընթացը, որի առաջին փուլն ավարտվել է: Հայտարարվել է մրցույթի երկրորդ փուլը և 2022թ. սկզբին նախատեսվում է ստանալ մրցութային հայտերը: 2022թ. 2-րդ եռամսյակում ակնկալվում է պայմանագրի կնքում:
Նոր աղբավայր կառուցելու ծրագիրը որևէ փոփոխության չի ենթարկվել և ծրագրում աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչներ նախատեսված չեն, բայց նախատեսված է գազի հավաքման համար անհրաժեշտ հորերի տեղադրում, ինչպես նաև գազից էլեկտրաէներգիայի ստացման համար 1.4ՄՎտ հզորությամբ գեներատորի տեղադրում:
Չի վերանայվել նաև շահառուների ներգրավման ծրագիրը»:
Խնդրել էինք նաև մեզ տրամադրել, կամ հանրային հրապարակել տվյալներ մինչ օրս վերամշակված թափոնների ծավալների մասին (որը քաղաքապետարանն իրականացնում է որպես պիլոտային և ոչ պարտադիր մասնակցությամբ ծրագիր), ինչպես նաև տեղեկացնել՝ թափոնները վերամշակողներին հանձնելիս քաղաքապետարանը ստանու՞մ է վճար և ստանալու պարագայում ինչու՞ վերամշակող քաղաքաղցիները չեն ազատվում աղբի ամսական վճարից, կամ ավելի քիչ վճարում:
Քաղաքապետարանը նշել էր, որ «Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության կողմից իրականացվող վերամշակելի թափոնների հավաքումը պիլոտային նախաձեռնություն է, որի շնորհիվ Երևան քաղաքում տեղադրված տեսակավորման արկղերից հավաքվող վերամշակելի թափոնները /պլաստիկ, ապակի և թուղթ/ հանձնվում են ՀՈԱԿ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում շահած վերամշակող ընկերություններին, իսկ ստացված եկամուտը փոխանցվում է ՀՈԱԿ-ին:
2020թ.-ի դեկտեմբերից մինչև 2021թ.-ի փետրվարի վերջ Երևանում տեղադրվել են 135 տեսակավորման կետեր: 2021թ.-ի հունվարից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ Երևանում տեղադրված տեսակավորման կետերից հավաքվել և վերամշակման է ուղարկվել 663.000կգ թափոն, որից ստվարաթուղթ, թուղթ՝ 579.000կգ, պլաստիկ՝ 30.000կգ, ապակի՝ 54.000կգ:
Տեսակավորման կետերը տեղադրվում են փուլային տարբերակով, և ներկայումս տեղադրված կետերը բավական չեն տեսակավորման գործընթացի ամբողջական կազմակերպման համար: Իսկ խրախուսման և պատժիչ միջոցառումների իրականացումը հնարավոր կլինի միայն ամբողջական տեսակավորման անցնելուց հետո:»
Այսպիսով, այս նամակագրությունից պարզ է դառնում, որ թեև քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում թափոնների վերամշակման ուղղությամբ, սակայն, այս քայլն, ընդհանուր առմամբ, չի արտացոլում վերամշակման և, ընդհանրապես, շրջանաձև տնտեսության մոդելի (այսինքն անմնացորդ գործունեություն վարելու) իրագործման պետական մոտեցում: Սակայն բնապահպանների մտահոգությունները, առաջարկներն ու կոչերը անտեսել են նաև միջազգային ֆինանսական կառույցները, որոնք ֆինանսներ են տրամադրում Նուբարաշենում նոր աղբավայր կառուցելու համար, և որոնց ուղղված են եղել մի քանի նամակներ՝ Նուբարաշենի ծրագիրն ավելի կենսակայուն դարձնելու պահանջով, այդ թվում ծրագրում թափոնների տեսակավորման և վերամշակման կայանի բաղադրիչ ավելացնելով: Քաղաքապետարանի պատասխանից երևում է, որ ծրագրում այդպես էլ փոփոխություններ չեն արվել: