Հայտարարություն

Հայտարարություն

Միջազգային կառույցները պետք է դադարեցնեն աջակցել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կեղծ օրակարգերը, դրանով իսկ վերջ տալով բնական էկոհամակարգերի դեգրադացման գործընթացներին իրենց մասնակցությանը 

Այս հայտարարությունն ուղղված է բոլոր այն միջազգային կառույցներին, որոնք աջակցություն են տրամադրում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, համարելով, որ այդ կերպ նպաստում են բնության պահպանության և կենսառեսուրսների կայուն կառավարման գործընթացներին, սակայն, իրականում, մասնակից են դառնում հակառակ իրավիճակին՝ բնական միջավայրի վատթարացմանը։ ՇՄ նախարարությանը ֆինանսական և կամ այլ աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցները պետք է գիտակցեն, որ իրենց գործողություններով դառնում են մասնակից Հայաստանում անտառապատ տարածքների նվազմանը, կենսաբազմազանության վերացմանը, ջրային պաշարների անարդյունավետ օգտագործմանը, հողերի դեգրադացմանը և ալն։ Միջազգային կառույցները չպետք է անտեսեն իրենց իսկ մասնակցությունն ու ներդրումը բնական միջավայրի դեգրադացմանը, ինչով էլ հակադրվում են իրենց իսկ հայտարարած կենսակայուն նպատակներին։ Տարիներ ի վեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, համայնքները պայքարում են, որպեսզի պահպանեն բնական միջավայրը, պաշտպանեն մաքուր և առողջ միջավայրում ապրելու իրենց իրավունքը, սակայն ՇՄ նախարարության անհեռատես գործունեությունը և վերջինիս սնուցող միջազգային կառույցների տրամադրած աջակցությունն ի չիք են դարձնում հանրության այս նպատակները և բնության պահպանությունը ողջ տարածաշրջանի և աշխարհի մակարդակով։ Մենք մշտապես հետևում ենք ոչ միայն ՇՄ նախարարության արարքներին, այլ նաև միջազգային կառույցների քայլերին և ակնկալում ենք, որ վերջապես վերջ կդրվի տեղական մակարդակով կեղծ օրակարգերի միջազգային աջակցությանը։   

Մասնավորապես անտառների օրինակով, չնայած որ խնդիրներն առկա են բոլոր էկոհամակարգերի պահպանության և կառավարման գործընթացներում, ստորև ներկայացնում ենք մեխանիզմները, որոնցով ՀՀ ՇՄ նախարարությունը ձախողում է իր պարտավորությունների իրագործումը, իսկ միջազգային կառույցները կամա, թե ակամա դառնում են այդ ձախողությունների մասնակիցը և աջակիցը։ 

Նշենք նաև, որ պատրաստակամ ենք առանձին հանդիպման շրջանակներում քննարկել ստորև բերված տեղեկատվության բոլոր հիմքերը։

1. Անտառների վերաբերյալ առաջնային տեղեկատվության խեղաթյուրում և կեղծ, սուբյեկտիվ հետաքրքրությունով համեմված միջոցառումների /կոմերցիոն սանիտարական և խնամքի հատումների/ պլանավորում:

Պետական բյուջեի և միջազգային ֆինանսավորմամբ մշակված անտառկառավարման պլանները հակասում են ՀՀ օրենսդրության (մասնավորապես անտառային օրենսգիրք, ԲՀՊՏ օրենք, Տեղական ինքնակառավարման օրենք և այլն) պահանջներին և կայուն անտառկառավարման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին և չափորոշիչներին, կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության և մի շարք այլ առանցքային միջազգային կոնվենցիաների պահանջներին: Անտառկառավարման պլաններով տրված անտառների գնահատման նկարագրերը հիմնական դեպքերում չեն համապատասխանում իրականությանը, իսկ պլանավորված միջոցառումները հակասում են կայուն անտառկառավարման համապատասխան ուղեցույցների պահանջներին, ինչպես նաև համապատասխան կարգավորիչ իրավական ակտերի պահանջներին, որոնց իրականացումը բերելու է անտառային էկոհամակարգերի դեգրադացմանը: Այսինքն գործ ունենք մի կողմից պետական  և միջազգային աջակցության ֆինանսական միջոցների վատնման/փոշիացման, մյուս կողմից անտառային էկոհամակարգերի քայքայման և ոչնչացման շարունակական գործընթացի հետ: Այդ կառավարման պլաններում բացակայում են կարևոր տեղեկատվություններ, մասնավորապես, դրանց մշակմանը նախորդող վերջին 10 տարիների ընթացքում իրականացված միջոցառումների ուսումնասիրման և գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը տրված է խեղաթյուրված տարբերակով, մասնավորապես խոսքը հատումների և անտառվերականգնման/անտառապատման միջոցառումների մասին է: Վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը  պետք է հիմք հանդիսանար պետական լիազորված մարմնի կողմից իրեն լիազորված կարևորագույն գործառույթներից մեկի՝  անտառների պետական հաշվառում իրականացնելու համար, անտառկառավարման/տնտեսվարման որակական և քանակական փոփոխությունները գնահատելու և վերլուծելու նպատակով, կառավարման, ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության գնահատման համար: Ինչևիցե, այդ փաստաթղթերն ընդունելուց հետո, ՇՄ նախարարությունը որոշել է պետական բյուջեի հաշվին կազմակերպել և այլ կազմակերպության/ընկերության միջոցով իրականացնել գործողություն, որը փորձելու է «ծածկել» իրենց մեղավորությամբ առաջացած բացերը, մինչդեռ հաշվառման գործառույթն ամբողջությամբ նախարարության համապատասխան ինստիտուցոնալ միավորների լիազորությունների սահմաններում է և պետք է իրականացվի վերջիններիս կողմից:

2. Անտառկառավարման ինստիտուցիոնալ համակարգի դեգրադացիա և կազմաքանդում։

Առանց համապատասխան ինստիտուցիոնալ վերլուծությունների իրականացվում են ոլորտային «բարեփոխումներ», որոնք որևէ կապ չունեն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի հետ: Իրավական, տեխնիկական և ֆինանսական հիմնավորումները բացակայում են, հստակ հատկորոշվում են ինստիտուցոնալ դեգրադացիայի գործընթացներ: Գնալով ավելանում է պետության ֆինանսական բեռը, փոխարենը շարունակվում և ավելի ուժեղ թափ են ստացել անտառային էկոհամակարգերի քայքաման միջոցառումները..․

3. Անտառածածկ և անտառային հողերի ապօրինի օտարում և վարձակալություն, շարունակվող ինքնակամ, ինչպես նաև սանիտարական, խնամքի հատման տակ քողարկված կոմերցիոն հատումներ:

Կատարվում է անտառների օտարում այլ նպատակային նշանակության հողերի և սեփականության ձևերի տակ փոխելով: Մասնավորապես, ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով  վերջին մի քանի տարիների ընթացքում Ծաղկաձորում օտարվել են անտառածածկ տարածքներ, մասնավորապես, բազմաֆունկցիոնալ համալիրների, հյուրանոցների կառուցման նպատակով: Այդ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է նոր մշակված անտառկառավարման պլանից և իր քարտեզներից: ՇՄ նախարարությունն իր լիազորությունների սահմաններում այդ անտառածածկ հողերը հետ բերելու փոխարեն հրաժարվում է տրամադրել այդ տարածքների վերաբերյալ նոր մշակված քարտեզները, ավելին, այդ տարածքներում շինարարություն նախաձեռնած ընկերությունների կողմից իրեն տրամադրած ՇՄԱԳ փաստաթղթերին տալիս է դրական եզրակացություններ:

ՀՀ անտառածածկ տարածքներում շարունակվում են ինքնակամ, ինչպես նաև սանիտարական, խնամքի հատման տակ քողարկված կոմերցիոն հատումները:

4. Ոլորտային քաղաքականության, ռազմավարության և իրավական ակտերում սուբյետիվ փոփոխություններ, մասնավորապես, ռազմավարական պլանավորման մակարդակում սուբյեկտիվ շահ հետապնդող օրակարգերի ամրագրում, անտառների, անտառային և ԲՀՊՏ հողերի վարձակալության պահանջների դյուրացում ի վնաս անտառի:

Փարիզյան համաձայնագրի շրջանակներում մտացածին հիմնավորումներով անտառածածկ տարածքների կրկնապատկման կեղծ օրակարգի շրջանակներում, պետական բյուջեի միջոցներով, միջազգային ֆինանսավորմամբ և տեղական կազմակերպությունների աջակցությամբ շարունակում են իրականացնել անտառապատման և անտառվերականգնաման միջոցառումներ, որոնց հիմնական մասը գոյություն չունի:

Անտառների կրկնապատկման  կեղծ օրակարգի վերաբերյալ նշենք, որ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված (IUCN-ի ROAM) մեթոդաբանության միայն էկոլոգիական գործոնի հենքով անտառապատման համար «հարմար» տարածքների հաշվարկի արդյունքները ցույց են տալիս, որ տվյալ միջոցառումը կարելի է իրականացնել առավելագույնը մինչև 60 հազար հեկտարի վրա, հայտարարված 265 հազար հեկտարի փոխարեն (դեռ հաշվի չառնելով մյուս գործոնները, այդ թվում սոցիալականը, մասնավորապես, թե արդյո՞ք համայնքները կհամաձայնեն իրենց գյուղատնտեսական հողահանդակները՝ արոտավայրերն ու խոտհարքները տրամադրել այդ նպատակով….):

Պետք է նշել, որ Գերմանիայի դաշնային հանրապետության շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության նախարարությունը (BMU) գերմանական KfW բանկի միջոցով (վերջինս շարունակում է բավականին լուրջ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՇՄ նախարարությանը, մասնավորապես Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրի շրջանակներում) 2011 թ-ին մշակեց Հարավային Կովկասի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) անտառների վրա կլիմայի գլոբալ փոփոխության ազդեցություններին արձագանքելու ռազմավարական ուղեցույցը (նկար 1, հղում՝ https://shorturl.at/pACM3), որում, հիմք ընդունելով կլիմայական փոփոխությունների կանխատեսվող սցենարները, հաշվարկվել են նաև անտառների մակերեսների փոփոխությունների հնարավոր սցենարները, ընդհուպ ըստ ծառատեսակների: Հաշվարկվել և վերլուծվել են երկու հնարավոր սցենարներ. տվյալ դեպքում հետաքրքիր է A2a մոդելի հենքով կանխատեսվող սցենարը, մասնավորապես, Modeled Present vs. A2a Model-ի արդյունքները, ըստ որի մեզոֆիլային/խոնավասեր ծառատեսակներով անտառների տարածքները նվազելու են: Իսկ մեր անտառների հիմնական մասը տեղաբաշխված է Տավուշի և Լոռու մարզերում, ընդ որում, հյուսիսահայաց լանջերում գերակշռում են խոնավասեր հաճարենու և բոխու խառը կազմով անտառները: Վերոնշյալ ուղեցույցի հավելված 1-ում (2-րդ նկար) կարելի է տեսնել, որ հաճարենու մասով կանխատեսվող նվազեցումը՝ մոտ 67.11% է, իսկ տարբեր ծառատեսակների մասով՝ միջինը 60.76 %: Այսինքն, այս սցենարի դեպքում գոյություն ունեցող անտառների մի մասը ոչնչանալու է կամ վեր է ածվելու նոսրուտների: Իսկ մեր պետությունը մինչև 2050 թվական «փորձելու է» կրկնապատկել անտառների մակերեսը...

Սա ի՞նչ է նշանակում․ պետությունը, «անտեսելով» անտառների առաջ ծառացած խնդիրները, մասնավորապես, էկոհամակարգերի շարունակական դեգրադացիոն գործընթացները, անտառկառավարման ճչացող խնդիրները և կանխատեսված լուրջ մարտահրավերները, երկարաժամկետ կեղծ թիրախներ է ընտրում և (վերա)հայտարարում է անտառները կրկնապատկելու պարտավորության մասին: Արդյունքում ուժերը, հատկացվող ֆինանսական միջոցները և ժամանակը վատնվելու են կեղծ թիրախների վրա...

5. Միջազգային ծրագրերի կրկնություն, վերածածկումներ և արդյունքահեն մոնիթորինգի բացակայություն:

ՇՄ նախարարությունն իր հետ համագործակցող միջազգային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ միասին շարունակում են իբր թափանցիկ գործելաոճը՝ չտրամադրելով ՀԿ-ների և անհատ փորձագետների կողմից հայցվող համապատասխան տեղեկատվությունը: Նույնիսկ նոր մշակվող և հաստատվող ծրագրերի քննարկման ընթացքում փորձում են շրջանցել ոլորտի պրոֆեսիոնալ փորձագետներին՝ չքննարկելով և չտրամադրելով մասնագիտական կարծիք: Նմանօրինակ գործելաոճով ներկայումս աչքի է ընկնում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը, մասնավորապես, «RESILAND․ Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի մշակման և քննարկման մասով: Արդյունքում վերոնշյալ ծրագիրը բավականին լուրջ վերածածկումներ /կրկնություն ունի նախկինում Համաշխարհային բանկի և Շվեդիայի Զարգացման գործակալության կողմից իրականացված «FISP-1» և «FISP-2» ծրագրերի հետ. ստացվում է, որ ՀՀ-ն համապատասխան վարկային  և դրամաշնորհային միջոցների կրկնակի ծախսում/վատնում է իրականացնելու:  Մյուս ոչ թափանցիկ գործելաոճով միջազգային ծրագրի օրինակը ընթացիկ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» EU4Sevan ծրագիրն է, որի «այլ մոտեցումներով» որոշ հիմնական արդյունքների հնարավոր ազդեցության անկախ մոնիթորինգի արդյուքները մտահոգիչ են:

6. Թափանցիկ կառավարման/ծրագրերի իրականացման բացակայություն

«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի կողմից ՇՄ նախարարությանը ներկայացված նամակին ի պատասխան, որով խնդրում էինք ներկայացնել միջազգային և պետական բյուջեով վերջին տարիներին իրականացված  ծրագրերի ցանկը, բյուջեները և արդյունքները, նախարարությունը ներկայացրեց ոչ ամբողջական և կցկտուր տեղեկատվություն: Բացի այդ, կրկին նամակ էր գրվել, խնդրանքով՝ ներկայացնել նոր մշակված անտառկառավարման պլանները և 2021թ-ից հետո անտառապատման/անտառվերականգնման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը։ Վերջինս հիմնականում մերժվեց, պատճառաբանելով, որ դրանց հիմնական մասը դեռ չի հաստատվել, իսկ անտառապատման/ անտառվերականգնման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվեց շատ ընդհանրական:

7. Կոռուպցիա

Որպես օրինակ ներկայացնում ենք ՄԱԶԾ-ԳԷՀ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը Հայաստանի հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» ծրագիրը, որի շրջանակներում, մասնավորապես մշակված անտառկառավարման  պլանների վերաբերյալ 1-ին կետում նշված հիմնավորումներով անկախ փորձագիտական վերլուծության արդյունքները միանշանակ փաստում են այն մասին, որ այդ պլանները չպետք է ընդունվեին և ՇՄԱԳ-ի դրական եզրակացություն ստանային, բայց ստացել են։ Միջազգային հարթակներից տեղեկանում ենք տվյալ ֆինանսական աղբյուրներով իրականացված մի շարք ծրագրերի կոռուպցիոն սկանդալների մասին՝ https://foreignpolicy.com/2019/08/14/greed-and-graft-at-un-climate-program-united-nations-undp-corruption/, որոնք ի ցույց են դնում նմանատիպ ծրագրերի վատագույն ազդեցության հետևանքների մասին, մասնավորապես, էկոհամակարգերի դեգրադացիայի խորացման և ոլորտում կոռուպցիոն գործընթացների ակտիվացման մասով: Այս և մյուս նմանատիպ օրինակներն ամբողջությամբ համդրելի են UNODC “Rooting out Corruption” /հղում՝ https://www.unodc.org/documents/corruption/Publications/2023/Rooting_Out_-_Introduction_to_addressing_corruption_fuelling_forest_loss_2023.pdf / փաստաթղթում ներկայացված մեխանզմների և կոռուպցիայի կառուցվածքի հետ:

Վերը նշված նամակագրությունները, ինչպես նաև ներկայացված ողջ տեղեկատվությունը անհրաժեշտության դեպքում կներկայացվի առանձին հանդիպման շրջանակներում և/կամ մամուլի ասուլիսում։

«Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ

«Անտառների կայուն կառավարում» բնապահպանական ՀԿ