2023 թվականի օգոստոսի մեկից մեկնարկել է «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի միջև համագործակցությունը, որի շրջանակներում կիրականացվի «Պարենային անվտանգության ապահովում Վայոց Ձոր մարզի Գնդեվազ բնակավայրում՝ ռեսուրսների կայուն կառավարման միջոցով» ծրագիրը:
Ծրագիրն իրականացվում է «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի կողմից` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։
Ծրագիրը նպատակ ունի լրացուցիչ եկամտի աղբյուր ստեղծել Ջերմուկի խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրում բնական ռեսուրսների խելացի կառավարման ներդրման միջոցով գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով:
Գնդեվազում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Ընդհանուր գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 5677 հա, որից ցանքատարածությունները՝ 492 հա, բազմամյա բույսերի մշակահողերը՝ 141,8 հա, 180 հա վարելահողեր, 120 հա՝ չոռոգելի։
Համայնքային հողերը ենթակա են դեգրադացիայի, սողանքային տարածքները վերականգնման և խելացի մշակման կարիք ունեն: Համայնքն ունի բավարար ջրային ռեսուրսներ, որոնք կուտակված են Կեչուտի և Գնդեվազի ջրամբարներում: Սակայն համակարգի անսարքության պատճառով առկա 500լ/վրկ ոռոգման ջրից հնարավոր է օգտագործել ընդամենը 150լ/վրկ:
2020 թվականի ռազմական հակամարտության արդյունքում կրճատվել են Հայաստանի ջրային պաշարները, ինչպես նաև հողատարածքները։ Ջերմուկ խոշորացված համայնքում իրավիճակն էլ ավելի վատթարացավ 2022 թվականի սեպտեմբերին հակամարտության տարածքային ընդլայնումից հետո, երբ հակամարտության գոտում հայտնվեցին համայնքի ջրային աղբյուրներ և խոտհարքեր։
Ծրագրով նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգը՝ լքված 120 հա տարածք ոռոգելի հողերի վերածելու միջոցով՝ այդպիսով բարելավելով համայնքի 180 տնային տնտեսությունների ապրուստը և կանխելով արտագաղթը: Զուգահեռաբար կներդրվեն ոռոգման նոր տեխնոլոգիաներ՝ կաթիլային ոռոգում, ցնցուղներ և այլն, ինչպես նաև կիրականացվեն հարթակների մշակումներ՝ որպես ավանդական մշակման ձևի վերականգնում։
Ծրագիրը կունենա հետևյալ արդյունքները՝
Համայնքում ջրի կորուստների կրճատում 80%-ով, ջրի խնայողության աճ 50%-ով` շնորհիվ 180 ֆերմերների կողմից կիրառվող գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների և ոռոգման նորարարական գործելակերպի:
Ոռոգման վերականգնված ենթակառուցվածքների շնորհիվ Գնդեվազ բնակավայրի 120 հեկտար վարելահողի ոռոգում և մշակում։
Առնվազն 20 ֆերմերների եկամուտների ավելացում բարձրարժեք մշակաբույսերի մշակության արդյունքում:
Մշակովի հողատարածքների ընդլայնում 3 հա-ով՝ հարթակների՝ որպես ավանդական մշակման ձևի վերականգնման շնորհիվ:
180 ֆերմերների և հողօգտագործողների, տեղական ինքնակառավարման մարմինների ավելի քան 900 ներկայացուցիչների գիտելիքների ու կարողությունների զարգացում հողերի դեգրադացիայի և ածխածնի պաշարների, կլիմայի փոփոխության հարմարվողականության, գյուղատնտեսական տեխնոլոգիաների նոր մեթոդների և նորարարական ոռոգման վերաբերյալ:
Շուրջ 900 անմիջական շահառուների ապրուստի բարելավում վերականգնված ոռոգման ենթակառուցվածքների և ներդրված նոր ագրոէկոլոգիական գործելակերպի շնորհիվ: