Գլաձորն ընդդեմ հանքերի

Գլաձորն ընդդեմ հանքերի

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, երեք նիստ անցկացվեց, որտեղ դատավորը փորձում էր հասկանալ՝ կա, արդյո՞ք, միտումնավորություն Վայոց ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի գործողություններում «Վայկ մետալ» ՍՊԸ-ին համայնքային հողերը չհատկացնելու մեջ։ 

Տեսանյութ

Դատավորը համայնքի ղեկավարին նախորդ նիստերի ժամանակ առաջարկել էր ընտրել հոդվածը՝ դատվել Վայոց ձորի մարզի Վայքի դատարանի վճիռը չկատարելու համար, թե՞  խախտել Սահմանադրությունը և ՏԻՄ օրենքը՝ համայնքային հողեր ընկերությանը հատկացնելու համար։ Համայնքի ղեկավարն ասաց, որ «լավ է գոնե երկընտրանքի առջև է դատարանը կանգնեցնում, այլ ոչ՝ պարտադրանքի»։

Նախապատմություն 

Արդեն 4 տարի է, ինչ «Վայկ մետալ» ՍՊԸ-ն փորձում է Գլաձորի խոշորացված համայնքին և բնակիչներին ստիպել իրեն հող հատկացնել հանքարդյունաբերության նպատակով։ Ավագանին 11 հոգանոց թիմով մերժել էր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի հող հատկացնելու առաջարկը։ Ընկերությունը դիմել էր  Արարատի և Վայոց ձորի  ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Վայքի դատավոր Հենրի Դարբինյանը վճռել էր պարտադրել համայնքի ղեկավարին հող հատկացնել «Վայկ մետալ» ՍՊԸ-ին։ 2018 թվականի փետրվարին վարույթն իրականացնող քննիչը որոշում էր կայացրել մերժել քրեական գործի հարուցումը, քանի որ ձեռք չի բերվել համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի կողմից դատարանի վճիռը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ  փաստական տվյալներ։ Արմեն Մովսիսյանին մեղադրում էին քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար։

«Վայկ մետալ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Սիմոնյանը ՀՀԿ-ական նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորն է, ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները, դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն` խնդրելով վերացնել քննիչի որոշումը: Վայոց ձորի մարզի դատախազը բողոքը քննության  չի առել անհնարինության պատճառով։ 2018թ. հուլիսին «Վայկ մետալ» ՍՊԸ-ի տնօրեն  Ա.Օսիկյանը քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ. հունիսի 18-ի որոշմամբ բավարարել է Ա.Օսիկյանի բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել «Վայկ մետալ» ՍՊԸ-ի իրավունքների և ազատությունների խախտումը: 

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը մեկ տարով «Վայկ մետալ» ՍՊԸ-ին տրամադրել էր ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն, սակայն ժամկետն ավարտվել էր դեռևս 14.09.2017թ.: Հետևաբար, նախարարությունը մերժել է նաև «Վայկ մետալ» ՍՊԸ-ին Գլաձորում  ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:  

Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալ Գ․Խաչիկյանը բողոքարկել էր Վերանքնիչ դատարան, որտեղ դատավոր Նարինե Հովակիմյանը փորձում էր ճշտել՝ արդյո՞ք  Գլաձորի համայնքի ղեկավարն ուներ դրդապատճառ Վայքի դատարանի վճիռը չկատարելու համար։

Մինչդեռ Արմեն Մովսիսյանը առաջարկել էր Գլաձոր համայնքի ավագանուն 625 հա մակերեսով տարածքը տրամադրել ընկերությանը։ Սակայն ավագանու 11 անդամները դեմ էին արտահայտվել համանքի ղեկավարի առաջարկին, ինչի մասին համապատասխան գրություն է հասցեագրվել ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Վայոց ձորի մարզային բաժին:  Գլաձոր համայնքի ղեկավարը նաև դիմում էր ներկայացրել Վայքի դատարան` վճռի պարզաբանում ստանալու վերաբերյալ, որը դատարանի 29.12.2017թ. որոշմամբ մերժվել է: 

Գլաձոր համայնքի ղեկավարը նաև հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` ԴԱՀԿ ապահովող ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի 13.12.2017թ. որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, որը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման կայացման պահի դրությամբ դեռևս գտնվել է քննության փուլում:

Վայքի դատարանը նշել է հետևյալը. «16.06.2017թ. վճռով վճռվել է պատասխանող Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավարին պարտավորեցնել  չխոչընդոտելու «Վայկ մետալ» ՍՊԸ կողմից 14.09.2016թ. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի և «Վայկ մետալ» ՍՊԸ-ի միջև կնքված  թիվ Պ-005 ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարմանը և «Վայկ մետալ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր և տրամադրել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի 625 հա կազմող տարածքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար։ Ակնհայտ է, որ քննարկվող դեպքում վարձակալության կամ օտարման մասին դեռևս խոսք չկա: Սույն պարագայում «Վայկ մետալ» ՍՊԸ կողմից ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման նպատակով համապատասխան պայմանագիր չկնքելն անհիմն է` փաստացի ըստ էության` կամայական, ինչի արդյունքում  անտեսվում է հայցվոր ընկերության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված, նաև կնքված պայմանագրով և երկրաբանական ուսումնասիրության համաձայնագրով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը»։

Որո՞նք են Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալի Վերաքննիչ քրեական դատարան բողոք բերելու հիմքերն ու հիմնավորումները

Մարզային դատախազի տեղակալ Գ.Խաչիկյանը գրել է․«Առաջին ատյանի դատարանը կայացրել է չպատճառաբանված դատական ակտ, որի հիմնավորվածությունը փորձել է պատճառաբանել բացառապես ընդհանուր բնույթի ձևակերպումներով այն մասին, որ նախաքննության մարմինը չի կատարել լիարժեք քննություն, իսկ քրեական գործում առկա տվյալները լրիվ, բազմակողմանի հետազոտման ու գնահատման չեն ենթարկվել»: Հիշեցնենք, որ Էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարի 13.07.2017թ. «Վայկ մետալ» ՍՊԸ-ին  Գլաձորում օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մերժվել է: Նման  պայմաններում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելու պահին չէր կարող խոսք լինել «Վայկ մետալ» ՍՊԸ-ի որևէ իրավունքի, առավել ևս ազատության կամ դրանք խախտելու մասին: Ըստ  բողոքաբերի`Հողային օրենսգքրի 83-րդ հոդվածի համաձայն` հողամասերում հետախուզական, երկրաբուսաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների և մարզպետների կողմից սահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամասերի օգտագործողի հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 

Մինչդեռ «ՏԻՄ մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն`  համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: 

Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալ Գ․ Խաչիկյանը Վերաքննիչ դատարանից պահանջել է  ամբողջությամբ բեկանել Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գևորգյանի` վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 04.05.2018թ. որոշումը վերացնելու վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2019թ. որոշումը:

 Ինքնաբացարկի միջնորդություն՝ դատավոր Նարինե  Հովակիմյանին

Տեսանյութ 

Վերջին դատական նիստի ժամանակ`  2019 թ․դեկտեմբերի 2-ին, Գլաձորի համայնքի ղեկավարի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանին  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։  «Նախորդ նիստերի ընթացքում դատավորը  թույլ էր տվել դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների այնպիսի խախտումներ և կանխակալ վերաբերմունք, որոնք անհնարին են դարձնում սույն գործի քննությունը»,- նման գնահատական հնչեցրեց փաստաբան Նազելի Վարդանյանը։ Ըստ փաստաբան Նազելի Վարդանյանի  դատարանն ամեն կերպ փորձեց յուրովի մեկնաբանել Վայքի դատարանի որոշումը: Այնուհետ, Նարինե Հովհակիմյանն ասում է, որ համայնքի ղեկավարը «մահանա է բռնում, որ չկատարի վճիռը»։ Երբ Ա.Մովսիսյանը հակադարձեց դատավորին, որ եթե կատարի  Վայքի դատարանի վճիռը, իրենկմեղադրեն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, դատավորն ասաց, որ ռիսկը դատարանը վերցնում է իր վրա«Դատարանի վճիռն օրենք է և պետք է կատարվի»,- ասաց դատավոր Նարինե Հովհակիմյանը։ 

Նազելի Վարդանյանը հակադարձեց՝ Սահմանադրությունը, ՀՀ օրենսգրքերը և օրենքներն այդ դեպքում ի՞նչ են, օրե՞նք չեն, դրանք չպե՞տք է կատարվեն: «Վայկ մետալ» ՍՊԸ-ի տնօրեն Օսիկյանը դատական նիստերի ժամանակ գրեթե չխոսեց, նիստից հետո էլ՝ հրաժարվեց հարցերին պատասխանել՝ ասելով, որ ժամանակ չունի։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը և թողել Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի վճիռը ուժի մեջ, որով պարտավորեցրել էր Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանին «Վայկ մետալ» ՍՊԸ-ի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր։
 

04 փետրվար, 2020

սկզբնաղբյուր՝ infocom.am